ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

ՈՒղղափառ տիեզերաժողով՝ սլավոնական եկեղեցիների պայքարը

ՈՒղղափառ տիեզերաժողով՝ սլավոնական եկեղեցիների պայքարը
09.06.2016 | 23:30

ՈՒղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների պատմական հանդիպումը պիտի կայանա Կրետեում հունիսի 16-27-ին՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոս I-ի գլխավորությամբ, որի հետ Մոսկվան դժվարանում է հաշտվել: Այդ «մեծագույն ու սրբազան» իրադարձությունը նախապատրաստվում է համարյա մեկ դար: Սակայն ուղղափառ տիեզերաժողովին մասնակցելու մի քանի եկեղեցիների մերժումը կասկածի տակ է դնում արևելյան քրիստոնյաների հոգևոր հովիվների պատմական հանդիպումը:

Արդեն մեկ ամիս միջոցառման կազմակերպումը կուլիսների հետևում կոշտ քննադատում են պահպանողական պատրիարքները, որ համարում են տիեզերաժողովը «չափազանց էկումենիկ»: Հունիսի 1-ին հրապարակված մամլո հաղորդագրության մեջ բուլղարական Սուրբ Սինոդը (Բուլղարիայի եկեղեցու կոլեգիալ կառավարման ինստիտուտ) կոչ արեց հետաձգել տիեզերաժողովը: Հակառակ դեպքում Բուլղարիայի պատրիարքը կտրականապես հրաժարվում է մասնակցել:


Ինչո՞վ է պայմանավորված ամենավերջին պահին դիրքորոշումների կտրուկ փոփոխությունը: Հայտարարության մեջ, ի թիվս այլ փաստարկների, նշվում է բուլղար հոգևորականների դժգոհությունը «պարտադրված ծրագրից» և կազմակերպումից, որ «կասկածի տակ է դնում ավտոկեֆալ եկեղեցիների հավասարությունը»: Այդ համարձակ ու նույնիսկ հանդուգն քայլը զարմացրեց շատ փորձագետների, սակայն հարուցված շահարկումների համապատկերում բուլղարական ԶԼՄ-ները հունիսի 2-ին հաղորդեցին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի կոնֆիդենցիալ նամակի մասին, որ բարձրաձայնում է նրա դժգոհությունը նույնանման ձևակերպումներով՝ ինչ բուլղար հոգևորականները: Նամակն ուղղված է Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին և Կրետե հրավիրված 14 ավտոկեֆալ եկեղեցիների ներկայացուցիչներին ու հնչում է իբրև ուլտիմատում:


Կիրիլը բարձրացնում է սրահում եկեղեցիների ներկայացուցիչների նստելու ձևի հարցը: Ինչպես ենթադրվում է՝ նրանք, բացառությամբ նախագահող Բարդուղիմեոսի, տեղավորվելու են երկու զուգահեռ շարքով: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարի կարծիքով՝ դա անընդունելի է, նա կարծում է, որ բոլորը՝ նաև Կոստանդնուպոլսի պատրիարքը, պետք է նստեն կիսաշրջանաձև, որ ավելի լավ է արտահայտում տիեզերաժողովի մասնակիցերի միասնությունն ու հավասարությունը: Ցանկացած այլ տարբերակ Մոսկվայի պատրիարքությունը չի ընդունի և չի մասնակցի տիեզերաժողովին: «Ռուսական եկեղեցին առաջին անգամ չէ, որ բուլղար քույր եկեղեցին օգտագործում է սեփական գործողությունները քողարկելու համար»՝ կարծում է Սոֆիայի «Քրիստոնեությունը և մշակույթը» ամսագրի գլխավոր խմբագիր Տոնի Նիկոլովը: Մյուսների պես՝ նրան ևս հետաքրքրում է՝ դա տիեզերաժողովը խափանելո՞ւ փորձ է, թե՞ «խաղադրույքները բարձրացնելու» տիեզերաժողովից մի քանի օր առաջ:

«Պահանջել կանոնակարգի փոփոխություն, որ քննարկվել է 50 տարի, միանգամայն անիմաստ է: Բացահայտ երևում է սեղանները, ուղղակի և փոխաբերական իմաստով, շրջելու ռուսների ձգտումը՝ վիճարկելու համար Բարդուղիմեոսի հեղինակությունը տիեզերաժողովում՝ հեռանկարում գլխավորելու համար համաշխարհային ուղղափառությունը»: Բնական է, որ բուլղարների բոյկոտից հետո Մոսկվայի պատրիարքությունը Բարդուղիմեոսից պահանջեց տիեզերաժողովից առաջ արտահերթ նիստ գումարել, որպեսզի որոշարկվի տիեզերաժողովի «իրագործելիությունը» վերջին իրադարձությունների լույսի ներքո: Ռուսական Սինոդը հիշեցրեց սեփական դժգոհությունները, նաև՝ վրացիների ու սիրիացիների կասկածները: Կոստանդնուպոլսի պատրիարքը երկուշաբթի օրը սահմանափակվեց չոր պատասխանով՝ մասնակիցներին կոչ անելով «հանգամանքներից բարձր լինել» և տիեզերաժողովին մասնակցել սահմանված ժամկետում: Բայց կկայանա՞ տիեզերաժողովը: «Ինչպես դիվանագիտության մեջ, հիմա ռուսները կարող են իրենց թույլ տալ միջնորդի շքեղությունը կոնֆլիկտում, որ իրենք էլ հրահրել են»՝ կարծում է Տոնի Նիկոլովը: 300 միլիոն ուղղափառների հոգիների համար Մոսկվայի ու Կոստանդնուպոլսի հազարամյա վեճում աստվածաբանական տարակարծությունները հաճախ սերտորեն հյուսվում են գլխավոր գործող անձանց աշխարհաքաղաքական նկրտումներին: Բարդուղիմեոս I-ը առաջվա նման ուղղափառ աշխարհի կանոնիկ օրենքներով ունի «հավասարների մեջ առաջինի» կարգավիճակ, որ հարուցում է Ռուսաստանի նյարդայնությունը, հատկապես երբ Կոստանդնուպոլսի պատրիարքի հովանին խնդրեց ուկրաինական ուղղափառ եկեղեցու մի հատվածը:

«Բյուզանդիոնի» հետ դիմակայության մեջ Մոսկվայի պատրիարքարանը, որ գերազանցում է հավատացյալների թվով, հմտորեն խաղում է սովետական հին կապերի վրա: Ի տարբերություն գործընկերների՝ Կիրիլը նաև ֆինանսական տպավորիչ ռեսուրսներ ունի, որ շռայլորեն տրամադրում է Կրեմլը՝ եկեղեցու մեջ տեսնելով աշխարհի վրա ազդելու լրացուցիչ հարթակ: Վլադիմիր Պուտինի վերջին երազանքը արտահայտում է հին ռուսական ու նույնիսկ սովետական նկրտումները՝ ուղղափառ Վատիկանի ստեղծում Մոսկվայի վերահսկողության տակ, օրինակ, Հունաստանի Աֆոն լեռան վրա, որտեղ վերջերս մեծ հանդիսավորությամբ մուտք գործեց Ռուսաստանի նախագահը:
Ալեքսանդր ԼԵՎԻ, Le Temps, Շվեյցարիա


Հ.Գ. Ռուսներն իրենց համարում են երրորդ Հռոմ, հավելելով, որ չորրորդը չի լինելու, ու միշտ վիճարկել են, թե երկրորդ ու երրորդ Հռոմներից ով է առաջինը լինելու: Առաջին հայացքից աբսուրդ է, որ ինչպես են նստելու հոգևոր հայրերը՝ զուգահե՞ռ, թե՞ կիսաշրջանաձև, հարցը կարող է ձախողել տիեզերաժողովը: Իրականում դա հենց հիմնական հարցն է՝ ո՞վ է գլխավորելու ուղղափառ աշխարհը՝ պատմականորեն առաջինը՝ Կոստանդնուպոլսի պատրիա՞րքը, թե՞ առաջինը լինելու մշտական ցանկություն ունեցող Համայն Ռուսիո և Մոսկվայի ներկա պատրիարքը: Կկայանա՞ տիեզերաժողովը, թե՞ ոչ: Թերևս՝ այո, նույնիսկ եթե ոչ բոլոր եկեղեցիները մասնակցեն: Այս մի շաբաթը ժամանակ է մյուս եկեղեցիների համար՝ որոշելու ո՞ւմ կողմն են՝ Բարդուղիմեոսի՞, թե՞ Կիրիլի: Նկատեցի՞ք, որ Մոսկվան նույն կացնային քաղաքականությունն է գործադրում թե աշխարհիկ, թե հոգևոր կոնֆլիկտներում՝ հրահրել ու սադրել տարաձայնություն, հետո միջնորդել ու հարթել, այդ ընթացքում իրենց խնդիրները լուծելով:
Հայ առաքելական եկեղեցին Կրետեի տիեզերաժողովին չի մասնակցի՝ իբրև առաքելական: Հետաքրքիր է, թե տիեզերաժողովին ինչ վերաբերմունք ունի Վատիկանը, և անձամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, հատկապես նոր Վատիկանի ստեղծման ծրագրերին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ